Ինչո՞ւ Տաթևը։
Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի սրտում, վեր է խոյանում Տաթևի վանքը՝ դարեր շարունակ լինելով հոգևոր փարոս, հավատքի խորհրդանիշ և ոգեշնչման աղբյուր։ Միջնադարյան ճարտարապետության այս եզակի հուշարձանը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, ոչ միայն հայկական մշակույթի կարևորագույն մասն է, այլև ունի հսկայական ներուժ՝ դառնալու զբոսաշրջիկների և ուխտավորների ձգողության համաշխարհային կենտրոն։
9-րդ դարում հիմնադրված Տաթևի վանքը Հայաստանի հոգևոր, մշակութային և պատմական գլխավոր կենտրոններից մեկն է։ Դարեր շարունակ այն ծառայել է որպես Սյունյաց թեմի հոգևոր նստավայր և առանցքային դեր է խաղացել տարածաշրջանի կրոնական կյանքում։ Բացի իր կրոնական նշանակությունից, Տաթևը դարձել է հայկական ինքնության պատվարը հատկապես քաղաքական անկայունության ժամանակաշրջաններում՝ պահպանելով ավանդույթները, մատյաններն ու հոգևոր ժառանգությունը։
Իր պատմության ընթացքում Տաթևը վերապրել է ասպատակություններ, երկրաշարժեր և անկման շրջաններ, սակայն մշտապես մնացել է տոկունության և հարատևության խորհրդանիշ։